Այս առաջնությունը տեղի է ունենում ՀՀ ինքնիշխան և անկախ տարածքի, հովանու և դրոշի ներքո. վարչապետ

«Այս առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը սպասել է շուրջ 40 տարի»:
Այս մասին այսօր՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծանրամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.
«Ողջունում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում և ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ֆեդերացիային՝ այս հնարավորությունը ՀՀ-ին ընձեռելու համար:
Իրականում այս առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը սպասել է շուրջ 40 տարի, որովհետև 80-ականներին, երբ այս հոյակերտ համալիրը կառուցվում էր, կառուցվում էր սպասումով, որ այն կհյուրընկալի միջազգային և համաշխարհային մակարդակի մրցաշարեր: Բայց ահա այսքան երկար ժամանակ ու տարիներ տևեց, երբ մենք հյուրընկալեցինք նախորդ տարի՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այս տարի ընդունում ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետև այս առաջնությունը տեղի է ունենում ՀՀ ինքնիշխան, անկախ տարածքի, հովանու և դրոշի ներքո: Եվ սա չափազանց կարևոր իրադարձություն է: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը նույնքան խորն է, առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրն ու ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, պահել, հաղթահարել, այլև բարձրացնել պատմության կողմից մեր առաջ դրվող մարտահրավերները:
Եվ այսպես, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը համարում եմ բացված»:
Կարծիքներ