ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` անդրադառնալով այսօր կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիային։
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Նշենք, որ կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ փոքր և միջին տնտեսվարողներ։ Նրանք պահանջում էին չեղարկել այս տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով նոր պայմաններ էին սահմանվել հագուստի ներկրման համար։
«Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով»,–նշված է ՊԵԿ–ի պարզաբանման մեջ։
ՊԵԿ–ը հայտնում է, որ նախօրեին մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները, ըստ պարզաբանման, քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։
ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։
Կարծիքներ