ԵՄ-ն կոչ է արել Չինաստանին վերականգնել BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը երկրի տարածքում. AP
Եվրամիությունը կոչ է արել Չինաստանին վերականգնել BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը երկրի տարածքում, հայտնում է Associated Press-ը:
«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԶԼՄ-ների ազատությունը և բազմակարծությունը պաշտպանելու սկզբունքին, առցանց և համացանցից դուրս խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը՝ առանց որևէ միջամտության»,- ասված է միության կողմից տարածված հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Չինաստանի հեռարձակման կարգավորիչը BBC World News-ը հեռացրել է եթերից՝ երկրում «բովանդակության լուրջ խախտման համար»։
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության հեռարձակողի՝ Չինաստանի հետ կապված զեկույցները հակասում են «այն պահանջներին, որ նորությունների հաղորդումը պետք է լինի ճշմարիտ և անկողմնակալ, և խարխլում է Չինաստանի ազգային շահերը և էթնիկ համերաշխությունը»:
Ավելի վաղ երկրի ռադիոյի և հեռուստատեսության ազգային վարչությունը հայտնել էր, որ հեռուստաալիքին թույլ չի տրվի շարունակել գործունեությունը Չինաստանի տարածքում, և դրա հեռարձակման հայտը չի ընդունվի գալիք տարվա համար:
Կարծիքներ