Պատերազմից հետո հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի բնակիչներին. հատկացվեց 100 մլն դրամ

Պատերազմից հետո հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի բնակիչներին. հատկացվեց 100 մլն դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 4-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին» կառավարության  որոշման պահանջներից:

Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

«Ծառայությունը մատուցվելու է մրցույթի  արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին  իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով՝ 10 հազար շահառու)  հոգեբանական վերականգնումը»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս ծառայությունները մատուցվելու են հասարակության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, սակայն առաջնահերթությունը տրվելու է զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում