ՀՀ ԱԳ նախարարը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը
Հոկտեմբերի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։
Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները։
ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:
Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Կարծիքներ