Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:

Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում: 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:

1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսերգիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 1986-2000 թվականներին հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2000-ին դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-ի մայիսին ընտրվել, 2011-ի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: 2008-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր: 2015-ի հունիսի 25-ին ընտրվել է ԵՊՀ հիմնադրամի ռեկտորի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում