Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ-ին հորդորել է դատապարտել ադրբեջանական ագրեսիան
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական Միությանը հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը հրապարակել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է: Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետ քայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաև պատժամիջոցների դիմելու հնարավորությունը, ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում»,- նշել է Կաստալդոն:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Եվրախորհրդարանի տարբեր պետությունների գործընկերների հետ միասին նամակ է ստորագրել ուղղված Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որով հայցել են գործադրել բոլոր ջանքերը կրակի անհապաղ դադարեցման համար և գործարկել կրակի հնարավոր խախտումների մոնիթորինգի համար պարտադիր մեխանիզմներ, որպես արդյունավետ երկխոսության գործընթացի համար անհրաժեշտ վստահությունը վերականգնելու միակ միջոց:
«Բազմակողմանիության և խաղաղության եվրոպական արժեքները պետք է գերակշռեն: Դատապարտելի է նաև նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը և սատարումը Բաքվին. լրագրողական աղբյուրները հայտնում են Սիրիայի հյուսիսից Թուրքիայի կողմից մոբիլիզացված հազարավոր ջիհադիստ գրոհայինների մասնակցության մասին: Եթե այս լուրը հաստատվի, ապա այս միջամտությունը որքան մտահոգիչ է, այդքան էլ անընդունելի: Պահանջում ենք տարածաշրջանային բոլոր դերակատարներին չօգտագործել այս հակամարտությունը որպես պատրվակ ՝ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Այս ողբերգությունում մենք չենք կարող լինել լոկ հանդիսատես. փոխարենը պետք է լինենք խաղաղարարներ և միջնորդ այս արյունալի հակամարտության մեջ, որը կրկին պայթել է ԵՄ սահմանների մոտ»,- եզրափակել է Կաստալդոն:
Կարծիքներ