Վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար պարտավոր ենք իմաստավորել մեր պատմական հաղթանակները. ԱՀ ԱԺ նախագահ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։
76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։ Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու ավանդն ունեցան նացիստական ուժերին հաղթելու գործում ։
Մեր նախնիների սխրանքների օրինակով տասնամյակներ անց մայիսյան նույն օրը հայ ժողովուրդը շարունակեց փառավոր հաղթանակների երթը։ Ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հայկական ուժերը կռեցին Արցախյան ազատամարտի հաղթանակների փառքի պսակը։ 2020թ․ Արցախյան 3-րդ պատերազմում, ավաղ, Շուշին ևս կորցրինք։
Մայիսյան տոնացույցը համալրեց ազգապահպան մեկ կարևոր տոն ևս. պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշպանության բանակը, և մայիսի 9-ը հռչակվեց որպես եռատոն:
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։
Հաղթանակի և խաղաղության տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների առհավատչյան է։
Գլուխ ենք խոնարհում մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան 3 պատերազմներում հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առջև։
Թո'ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։
Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան»:
Նախօրեին ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացած ժամերգությանը, որից հետո խորհրդարանականները միացել են մայիսի 9-ին ընդառաջ կազմակերպված խաչերթին։
Կարծիքներ