Վրաստանի խորհրդարանը բանաձեւ է ընդունել հանրապետությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում ինտեգրելու մասին
Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը միաձայն սատարել է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի կազմում հանրապետությունն ընդգրկելու ձգտման մասին բանաձեւի նախագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վրաստանի արտաքին քաղաքականության համար այլընտրանք չունեցող առաջնահերթություն է Հյուսիսատլանտյան միությանն անդամակցելը: ՆԱՏՕ-ն համաշխարհային անվտանգությունն ամրապնդելու կարեւորագույն պայմանն է»,-ասվում է բանաձեւի տեքստում:
Վրաստանի արտաքին քաղաքականության համար այլընտրանք չունեցող առաջնահերթություն է նաեւ ԵՄ-ին անդամակցելը: Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ հանրապետությունը հանդես է գալիս հակամարտությունների բացարձակ խաղաղ կարգավորման համար:
Հոկտեմբերին Վրաստանում իշխող կուսակցությունից հայտարարել էին, որ 2024 թվականին հանրապետությունը դիմում կներկայացնի ԵՄ-ին լիիրավ անդամակցելու համար: Դա իշխանությունների գլխավոր նախընտրական խոստումն էր:
Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականներից: 2002 թվականին նախագահ Էդուարդ Շեւարնաձեն հայտարարել էր երկրի՝ միությանն անդամակցելու ցանկության մասին, ինչը հաստատել էր նաեւ հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նոր կառավարությունը շարունակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին, սակայն միեւնույն ժամանակ երկրի արտաքին քաղաքականության համար նոր իշխանությունները կարեւորագույն խնդիր են առաջադրել ՌԴ-ի հետ հարաբերությունների աստիճանական զարգացումն առանց վնասելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
2009 թվականից Վրաստանը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից է. ծրագիրն ուղղված է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: 2017 թվականից Վրաստանի քաղաքացիները ստացել են Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի այցելելու իրավունք:
Կարծիքներ