Աջարիայի ծովամերձ գյուղակի բնակիչներն անժամկետ բողոք են սկսել

Աջարիայի ծովամերձ գյուղակի բնակիչներն անժամկետ բողոք են սկսել

Աջարիայի Բոբոկվատի ծովամերձ գյուղակի բնակիչներն այսօրվանից բողոքի անժամկետ ակցիաներ են սկսում: Այդ մասին հաղորդել է Աջարիայի հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բողոքի ակցիաներն սկսվել են անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը աճուրդի հանեց Քոբուլեթի շրջանի հողակտորների մի մասը: Գյուղացիները պնդում են, որ այդ հողերը պատկանում են իրենց և 2004 թվականին անօրինաբար բռնագրավվել են պետության կողմից: Ի նշան բողոքի, տեղի բնակիչները շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, փակել են Բաթում-Թբիլիսի երկաթուղին, ինչից հետո գործին միջամտել է ոստիկանությունը:

Իրավապահները ձերբակալել են չորս մարդու: Անժամկետ բողոքի համար տեղի բնակիչները վրան են տեղադրել այն տեղամասում, որը, աճուրդի արդյունքներով, կարող է անցնել ներդրողի սեփականությանը: Աճուրդի ժամկետը լրանում է հունիսի 25-ին: Ինչպես պատմում են Բոբոկվատիի բնակիչները, Աջարիայի Գերագույն խորհրդի՝ երկու օր առաջ անցկացված նիստում չի հաջողվել իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, և նրանց ընտրություն չեն թողել:

Բողոքի մասնակիցները եկել էին նիստի, որպեսզի հողակտորների մասին անձամբ հարցեր տան Աջարիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջաբա Փութկարաձեին, բայց հեռացել են ձեռնունայն: Վրանում կհաստատվի շուրջօրյա հերթապահություն: Բողոքողները հունիսի 25-ին կազդարարեն էլ ավելի խոշոր բողոքի ակցիայի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում