Ձյան պայմաններում՝ անվտանգ երթևեկություն. ոստիկանությունը հորդորում է լինել չափազանց ուշադիր

Ձյան պայմաններում՝ անվտանգ երթևեկություն. ոստիկանությունը հորդորում է լինել չափազանց ուշադիր

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ վարորդներին կոչ անելով եղանակային անբարենպաստ պայմաններում տրանսպորտային միջոցը վարել չափազանց ուշադիր: 

«Հանրապետության գրեթե բոլոր հատվածներում սկսել է ձյուն տեղալ։ Որոշ հատվածներում տեղումներն անձրևի տեսքով են։ Երթևեկության անվտանգության տեսանկյունից սա նշանակում է, որ վարորդներն այս եղանակի համար պետք է նախապատրաստեն մեքենան։ Ձմռանն ավելի հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Գլխավոր պատճառներից մեկն էլ, իհարկե, ձյունն է:

Ձմռանն, առաջին հերթին, անհրաժեշտ է փոխել անվադողերը` անցնելով ձմեռային ռեժիմի: Ըստ մասնագետների՝ անվադողերը պետք է փոխել +7 ջերմաստիճանի դեպքում։ Հաճախ շրջաններ մեկնող մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեխերով կամ այլ կերպ ասած՝ «շիպերով» անվադողեր, իսկ ոչ այնքան շատ ճանապարհորդել նախընտրող վարորդներին՝ ձմեռային ֆրիկցիոն անվադողեր:

Ձյան պայմաններում կարևոր է նաև մեքենան տեղից ճիշտ շարժելը: Արգելվում է կտրուկ որևէ գործողություն, այլապես անիվները կպտտվեն ձյան վրա, իսկ մեքենան կմնա տեղում:

Երթևեկության ժամանակ արգելվում են կտրուկ շարժումները: Ամեն ինչ պետք է անել հնարավորինս սահուն, վարել նույնիսկ թույլատրված արագությունից դանդաղ: Կարևոր է նաև դիմացի և ձեր մեքենայի հեռավորությունը: Պահպանեք տարածություն: Արգելակելու դեպքում հետևի մեքենայի վարորդը կտեսնի արգելակման կարմիր լույսերը, ինչը նրան կստիպի նույնպես արգելակել և զերծ մնալ բախումից:

Կտրուկ արգելակել առհասարակ չի կարելի, եթե, իհարկե, վթարային իրավիճակ չէ: Մեքենան ձյան վրա կտրուկ արգելակել՝ նշանակում է պարզապես չարգելակել, որովհետև այն հազիվ թե կանգնի մոտ տարածության վրա. պետք է արգելակել շատ սահուն, մի քանի անգամ ոտքով հարվածել արգելակման ոտնակին: Այս դեպքում և՛ չենք կորցնի կառավարումը, և՛ ավելի կարճ տարածության վրա կկարողանանք կանգնեցնել մեքենան:

Ձյան վրա տարբեր հնարքների սիրահարներին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած վայրում ձյան վրա պտույտներ կամ այլ հնարքներ կատարելուց: Դա ոչ միայն կասկածի տակ կդնի մեքենայի սարքինությունը, այլև կարող է ավարտվել ողբերգությամբ:

Հարգելի՛ վարորդներ, մեքենան վարեք սթափ, մի՛ գերազանցեք սահմանված արագությունը, պահպանեք երթևեկության կանոնները և եղեք չափազանց ուշադիր: Արդեն ձմեռ է․․․»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում