Նախակրթության ոլորտում վարձատրության մասով բավականին լուրջ խնդիր ունենք.Ժաննա Անդրեասյան
Նախակրթության ոլորտում վարձատրության մասով բավականին լուրջ խնդիր ունենք: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետև պետք է հասկանանք, որ, այնուամենայնիվ, նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, և մենք նպատակ չունենք որևէ կերպ այս տրամաբանությունը շեղել: Ավելին, կարծում ենք, որ սա ճիշտ կառուցվածք է, ուղղակի պետք է գտնենք գործիքակազմ, որպեսզի ոլորտում վարձատրության ֆինանսավորման հնարավորությունները բարելավենք, բայց միևնույն ժամանակ սա անենք համայնքների միջոցով»,- ասաց Անդրեասյանը:
Փոխնախարարը նշեց, թե ինչ քայլեր են իրականացվել վարձատրության քաղաքականության առումով:
«Անցյալ ամիս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախադպրոցական կրթության ոլորտում օրենքի փոփոխությունը, որով նախատեսեցինք, որ ոլորտի աշխատակիցների համար կներդրվի տարակարգի մեխանիզմ, որը թույլ կտա աշխատավարձի հավելավճար ունենալ: Ինչպե՞ս ֆինանսավորել հավելավճարը՝ այս ճանապարհի ուսումնասիրություններն ենք իրականացնում»,- ասաց նա:
Կարծիքներ