ՌԴ-ն կրճատել է նավթի արդյունահանումը
Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը նավթի միջին օրական արդունահանումն ապրիլին, մարտի համեմատ, կրճատել է 8,7 տոկոսով՝ մինչև 1,37 մլն տոննա։ Անկումը պայմանավորված է եվրոպացի թրեյդերների՝ ռուսական պետական ընկերություններից նավթ գնելու մերժմամբ, ինչպես նաև երկրի ներսում վերամշակման ծավալների նվազման միտումով, գրում է «Կոմերսանտը»։
Էներգետիկայի նախարարությունը մարտին դադարեցրել է նավթի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Սախալին-1 նախագծում արտադրությունը զգալիորեն կրճատվել է։ Ծրագրի օպերատոր Exxon Neftegas-ը կրճատել է արտադրությունը գրեթե 11 տոկոսով՝ մինչև օրական 25,3 հազար տոննա։ Ապրիլի 26-ին արտադրությունը նվազել է գրեթե 10 տոկոսով, իսկ ապրիլի 27-ին Exxon Neftegas-ը ֆորսմաժոր է հայտարարել։
Ընկերությունն այս որոշումը բացատրել է պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և միջազգային չափանիշների պահանջվող մակարդակով գործողություններ իրականացնելու խոչընդոտներով։ ExxonMobil-ը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ գործողություն Ուկրաինայի տարածքում, խոստացավ աստիճանաբար դուրս գալ նախագծից և դադարեցնել ներդրումները Ռուսաստանում։
Raiffeisenbank-ից Անդրեյ Պոլիշչուկը բացատրեց, որ արտադրությունը նվազում է, քանի որ եվրոպացի սպառողները հրաժարվում են ռուսական նավթից, և ծավալների վերականգնումը ժամանակ և ավելի լավ առաջարկներ կպահանջի: Միաժամանակ, Ռուսաստանից նավթի արտահանումը մարտի համեմատ աճել է 8,8 տոկոսով՝ վերամշակման ծավալների կրճատման պատճառով։
Կարծիքներ