Վայոց ձորում ծեծել են գազալցակայաններից մեկի տնօրենին. կասկածյալների մեջ պատգամավորի որդի կա

Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ սկզբնաղբյուրի՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալ: Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ շոշափվում է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդու անունը, որը նաև հիմնական դերակատարներից է եղել, և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին:
Կարծիքներ