Կիևը հարվածել է ռազմավարական օբյեկտների ՌԴ տարածքում

Կիևը հարվածել է ռազմավարական օբյեկտների ՌԴ տարածքում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Կուրսկի մարզի էներգետիկ օբյեկտի: Կուրսկի աերոդրոմի տարածքում նավթաբաք է այրվել, խոշոր հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստառովոյտը: 

Իսկ երկուշաբթի օրը ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան ռեակտիվ ԱԹՍ-ներով փորձել է հարված հասցնել Ռյազանի մարզի «Դյագիլևո» և Սարատովի մարզի «Էնգելս» աերոդրոմներին: Գերատեսչությունը նշել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: ԱԹՍ-ների բեկորները մահացու վնասվածք են հասցրել 3 զինծառայողի, երկու ինքնաթիռ վնասվել է:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտն իր հերթական վերլուծության մեջ նշել է, որ ուկրաինական հարվածները ռուսական ռազմավարական օբյեկտներին ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինուժը կարող է հարվածել ռուսական զորքերի թիկունքին՝ ուկրաինական դիրքերից 700 կմ հեռավորության վրա:

Ուկրաինայի զինված ուժերի զլխավոր շտաբն էլ իր առավոտյան տեղեկագրում հայտնել է ռուսական կողմի հասցրած հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը շփման գծում շարունակել են գնդակոծել ուկրաինական դիրքերը և բնակավայրերը, ինչպես նաև հարվածել են կարևոր ենթակառուցվածքների Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վինիցայում, Կիևում, Նիկոլաևում, Օդեսայում և այլն: Հաղորդվում է նաև, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում ռուսական ուժերը պաշտպանական գործողություններ են իրականացնում:

Ռուսական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի նմուշի հրետանային զինատեսակներից առավոտից գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանի արդյունաբերական գոտին:

Իսկ The New York Times պարբերականը հոդված է հրապարակել, ըստ որի նոյեմբերի վերջին Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի արձակած թևավոր հրթիռներից մի քանիսն արտադրվել են Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից ամիսներ անց: Նման եզրակացության են եկել զենքի և զինամթերքի նույնականացմամբ զբաղվող Conflict Armament Research անկախ խմբի փորձագետները՝ ուսումնասիրելով նոյեմբերի 23-ին Կիևին հարվածած ռուսական X-101 թևավոր հրթիռների բեկորները: Ըստ փորձագետների՝ հրթիռներից մեկն արտադրվել է ամռանը, ևս մեկը՝ սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ Մոսկվան միջոցներ է գտել ձեռք բերել կիսահաղորդիչներ և այլ տեխնիկա՝ չնայած պատժամիջոցներին կամ ունեցել է բաղադրիչների բավական մեծ քանակություն՝ նախքան Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելը:

Ուկրաինայում տիրող իրավիճակը դեկտեմբերի 6-ին կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիի խոսքով՝ կքննարկվեն Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակը և երեխաների պաշտպանության հարցերը:

Այս ամենին զուգահեռ Կանադան հայտարարել է, որ Ուկրաինային կհատկացնի 11 միլիոն դոլար ականազերծման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ռոբին Դանիգանը հայտարարել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում  մեծացել է Ուկրաինայի զորքերի օպերատիվ համատեղելիությունը ՆԱՏՕ-ի ուժերի հետ: Պաշտոնյան հիշեցրել է, որ Վաշինգտոնը հանձնառու է ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությանը», ինչը վերաբերում է նաև Ուկրաինային: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ուշադրություն դարձնեն այն բանի վրա, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն առաջ են ընթանում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում