Միջազգային բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն են ունեցել հրադադարի պայմանավորվածության հարցում. Ալեն Սիմոնյան

Միջազգային բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն են ունեցել հրադադարի պայմանավորվածության հարցում. Ալեն Սիմոնյան

Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր գործընկերներն են գլխավոր դերակատարն այս հարցում՝ Սիմոնյանն ասաց. «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիայի Հանրապետությունը: Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները»:  

ԱԺ նախագահը դա շատ ողջունելի համարեց:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կհաջողվի կայուն պահել իրավիճակը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել:  «Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Մեր աշխատանքի տրամաբանությունը լիովին այդ տրամաբանության մեջ է, հակառակորդի «բարի կամքի» կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի: Մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում», - ասաց նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքում օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք:

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա որևիցե բնակավայրի չի վերաբերում: «Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է դիրքերի ուղղությամբ, դիրքերի մասով է եղել այդ փոփոխությունը: Տեղ է եղել, որ մեր կողմից դիրքը հետ է վերցվել, տեղ է եղել, որ իրենք են ինչ-որ հաջողության հասել»,-ասաց ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում