Արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2020 թվականին քրեակատարողական ոլորտում գրանցված հաջողությունները
2020 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում հաջողություններ են գրանցվել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:
Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։
Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։
Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։
Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։
Կարծիքներ