Ամբողջ աշխարհում մոտ 240 միլիոն հաշմանդամություն ունեցող երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, ավելի անբարենպաստ դիրքում են գտնվում երեխայի բարեկեցությունը փաստող չափանիշների հաշվարկում, ասվում է զեկույցում:
«Այս նոր հետազոտությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են բազմաթիվ և հաճախ համակցված մարտահրավերների իրենց իրավունքների իրացման հարցում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Կրթության հասանելիությունից մինչև տանը երեխայի համար ընթերցելը. հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ հավանական է, որ ներառվեն կամ լսված լինեն գրեթե բոլոր իրավիճակներում: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաները պարզապես անտեսվում են»:
Զեկույցը ներառում է 42 երկրների միջազգայնորեն համադրելի տվյալներ և ներառում է երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սկսած սնուցումից և առողջությունից, մինչև ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից և շահագործումից պաշտպանություն և կրթություն: Այս ցուցիչները բաժանված են ըստ ֆունկցիոնալ դժվարության տեսակի և ծանրության, երեխայի սեռի, տնտեսական կարգավիճակի և երկրի: Զեկույցը հստակորեն ցույց է տալիս, թե ինչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հասարակության լիարժեք մաս կազմելու համար, և թե ինչպես է դա հաճախ հանգեցնում առողջական և սոցիալական բացասական հետևանքների:
Համեմատած հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաշմանդամություն ունեցող երեխաները.
24 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ստանան երեխայի կարիքները բավարարող խնամք
42 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ունենա ընթերցանության և թվաբանության հմտություններ․
25 տոկոսով ավելի հավանական է, որ սուր թերսնուցում ունենան և 34 տոկոսով ավելի հավանական, որ թերաճ լինեն.
53 տոկոսով ավելի հավանական է, որ ունենան սուր շնչառական վարակի ախտանշաններ.
49 տոկոսով ավելի հավանական է, որ երբեք դպրոց հաճախած չլինեն․
47 տոկոսով ավելի հավանական է, որ չհաճախեն տարրական դպրոց, 33 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի ցածր դասարան և 27 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի բարձր դասարան.
51 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց դժբախտ զգան.
41 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերեն․
32 տոկոս ավելի հավանական է, որ ենթարկվեն ծանր մարմնական/ֆիզիկական պատժի.
Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունը մեծապես տարբերվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ կա ռիսկերի և արդյունքների որոշակի սպեկտր՝ կախված հաշմանդամության տեսակից, երեխայի բնակության վայրից և իրեն հասանելի ծառայություններից: Սա ընդգծում է անհավասարությունները վերացնելու թիրախային լուծումների ստեղծման կարևորությունը:
Կրթության հասանելիությունը զեկույցում արծարծված թեմաներից մեկն է: Չնայած կրթության կարևորության շուրջ համատարած համաձայնությանը, հաշմանդամություն ունեցող երեխաները դեռևս հետադիմում են: Զեկույցը ցույց է տալիս, որ շփվելու և իրենց մասին հոգ տանելու դժվարություններ ունեցող երեխաներն ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն՝ անկախ կրթական մակարդակից: Մեկից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում դպրոցից դուրս մնալու ցուցանիշներն ավելի բարձր են, իսկ հաշմանդամության ծանրությամբ պայմանավորված անհավասարությունը դառնում է ավելի տեսանելի:
«Ներառական կրթությունը չի կարելի շքեղություն համարել։ Չափազանց երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մղվել հասարակությունից, երբ ոչ մի երեխա երբեք չպետք է այդպիսի վերաբերմունքի բախվի: Որպես հաշմանդամություն ունեցող կին՝ իմ ապրած փորձը հաստատում է այդ պնդումը», – ասում է 20-ամյա Մարիա Ալեքսանդրովան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներառական կրթության երիտասարդ ակտիվիստը Բուլղարիայից: «Ոչ մի երեխա, հատկապես ամենախոցելի խմբերում գտնվողները, չպետք է միայնակ պայքարի իր հիմնարար մարդու իրավունքների համար: Մեզ պետք են կառավարություններ, շահագրգիռ կողմեր և ՀԿ-ներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հավասար, ներառական հասանելիությունը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով գլոբալ և ազգային գործընկերների հետ, աջակցում է իրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները: Բոլոր երեխաները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, պետք է իրենց կարծիքն արտահայտեն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են իրենց կյանքի վրա, հնարավորություն ունենան իրացնելու իրենց ներուժը և պահանջելու կյանքի կոչել իրենց իրավունքները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝
Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրել հավասար հնարավորություններ։ Կառավարությունները պետք է համագործակցեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ վերացնելու ֆիզիկական, հաղորդակցական և վերաբերմունքային խոչընդոտները, որոնք նրանց թույլ չեն տալիս ներառվել հասարակության մեջ, ինչպես նաև ապահովեն ծննդյան գրանցում, ներառական խնամք, սնուցում և ջուր, արդար և համահավասար կրթություն և օժանդակ տեխնոլոգիաների հասանելիություն: Նրանք նաև պետք է աշխատեն վերացնելու խարանն ու խտրականությունը համայնքներում:
Խորհրդակցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ և հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, ինչպես նաև երեխաների և նրանց ընտանիքների հատուկ կարիքները՝ ներառական ծառայություններ և համարժեք որակյալ համահավասար կրթություն տրամադրելիս: Սա ներառում է պատասխանատու խնամք և ընտանիքամետ քաղաքականություն, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն չարաշահումից և անտեսումից:
Վերլուծության նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառման ընդլայնումն է, որպեսզի որոշումներ կայացնելիս նրանց հաշվի առնեն և նրանց ձայնը լսելի լինի:
Հաշմանդամություն ունեցող երեխաների թվի նոր գնահատականն ավելի բարձր է, քան նախորդ տարիներինը և հիմնված է հաշմանդամության ավելի խորը և ներառական ըմբռնման վրա, որը հաշվի է առնում հաշմանդամության բոլոր դրսևորումների դժվարությունները, ինչպես նաև տագնապայնության և ընկճախտի ախտորոշումը:
«Բացառված լինելը հաճախ անտեսանելի լինելու հետևանք է», – նշել է Ֆորը: «Բավականին երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաների թվի վերաբերյալ հավաստի տվյալներ չունեինք։ Երբ մենք չենք կարողանում հաշվի առնել, լսել և խորհրդակցել այս երեխաների հետ, մենք չենք կարողանում օգնել նրանց բացահայտել իրենց հսկայական ներուժը»:
Իրավիճակը Հայաստանում
2020 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 8771 երեխա, որոնցից 2757-ը՝ աղջիկ։ (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ․)
Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի՝ ՀՀ-ում բոլոր դպրոցները ներառական են։ 2021 թվականին ընդունվել է նախադպրոցական լրիվ ներառական կրթության համակարգին անցնելու գործողությունների ծրագիր։ (Աղբյուր՝ https://escs.am/am/news/8453):
2020 թվականի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 86,927 է։ Այս թվից 2,933-ը հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներ են: (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ.):
2016 թվականի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 1/3-ն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, մինչդեռ նրանց 2/3-ը վերականգնողական ծառայություններ չի ստանում։
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ամենից հաճախ զրկվում են կրթության իրավունքից բազմաթիվ գործոնների պատճառով՝ սկսած մատչելիությունից և խտրական վերաբերմունքից մինչև մասնագետների և մասնագիտացված ուսումնական նյութերի բացակայություն:
ՔՈՎԻԴ-19-ը սրել է այս մարտահրավերներից մի քանիսը և ստեղծել նորերը։
Կարծիքներ