Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը
Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։
ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։
«Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի (UNAIDS), Ռոքֆելլեր հիմնադրամի, «Gavi» պատվաստանյութերի և մի շարք այլ գլոբալ առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը՝ բնակչությանը համավարակներից պաշտպանելու և վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համատեքստում։
Կարծիքներ