Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Գազայի և Իսրայելի միջև հակամարտությունը

Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Գազայի և Իսրայելի միջև հակամարտությունը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբոլլահիանը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

Ամիր Աբդոլլահիանն իր առաջին այցը սկսել է Իրաքից։ Բաղդադում նա պետք է հանդիպումներ անցկացնի Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ։ Այնուհետև Իրանի արտգործնախարարը կմեկնի Սիրիա և Լիբանան։

Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ամիր Աբդոլլոհիանը լրագրողներին հայտնել է, որ տարածաշրջանում ճգնաժամերի «գլխավոր պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթումն է»։

Իրանի արտգործնախարարի կարծիքով՝ Գազայում ընթացող հակամարտությունը վերաբերում է ոչ թե կոնկրետ խմբի, այլ բոլոր պաղեստինցիներին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում