Դատախազության հորդորը վարորդներին

Դատախազության հորդորը վարորդներին

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022 թ. հունվարի 26-ին, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու, ըստ այդմ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նա որպես կաշառք 20 000 ՀՀ դրամ գումար է առաջարկել պարեկին: Նույն պահին ոստիկանության ծառայողին կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:

2022 թ. փետրվարի 15-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին:

Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Ա.Խ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 150 000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում Գ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ծառայություն իրականացնելիս, ժամը 12:40-ի սահմաններում, նկատել են Գ.Ն.-ի կողմից վարած ավտոմեքենան և տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգ առնելու ազդանշան են տվել: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են, որ վարորդը ավտոմեքենան վարել է նաև սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցնելու և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու պայմաններում: Երբ պարեկները վարորդին տեղեկացրել են նշված վարչական իրավախախտումների համար արձանագրություններ կազմելու մասին, Գ.Ն.-ն իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար պարեկներից մեկի գրպանն է դրել մեկ հատ 20 000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ որպես կաշառք՝ առաջարկելով արձանագրություն չկազմել և իրեն չենթարկել վարչական պատասխանատվության: Նույն պահին Գ.Ն.-ն բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

2021 թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին:

Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Գ.Ն.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված ևս 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան, որոնց դատաքննությունը շարունակվում է:

Նույնաբնույթ մեկ քրեական գործ էլ գտնվում է նախաքննության փուլում:

ՀՀ գլխավոր դատախազությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրենց վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ոստիկանության համապատասխան ծառայողներին կաշառք տալու հանցավոր և արատավոր երևույթից:

Բոլոր նման դրսևորումները հանգեցնելու են անխուսափելի քրեաիրավական հետևանքների. նման հանցավոր արարք կատարած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության: