Թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան
ՀՀ Կառավարությունը բյուջեում վերաբաշխում կատարեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար:
«Առաջարկվող նախագծով ուզում ենք Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել, որպեսզի այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն, ուսումնասիրության արդյունքով հստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրենք և տեխնիկական առաջադրանքները կանենք:
Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների որոշակի հատվածներ, ոռոգման խողովակաշարեր: Հիմա դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա, դրա համար էլ մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից: Խմբի հետ կաշխատի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» 2 աշխատակից:
Վարչապետ Փաշինյանն էլ ամփոփեց.
«Այսպիսով մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին: Կրկին ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որ նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»:
Վարչապետի խոսքով՝ այս ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
Կարծիքներ