Կյանքից հեռացավ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը

Կյանքից հեռացավ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանը:
Ծնվել է Սյունիքի Բորիսովկա (այժմ` Ծղուկ) գյուղում 1930 թվականի մայիսի 25-ին։ 1946 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան։ 1948 թվականին, ուսման տևողությունը 3-ից 5 տարի դառնալու պատճառով, թողել է ուսումնարանը, ավարտել միջնակարգ դպրոցը և 1949 թ.-ին ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ, որը 1954 թվականին գերազանցությամբ ավարտել է և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրա։
1963 թ-ին պաշտպանել է թեկնածուականը, իսկ 1973թ.-ին` դոկտորական ատենախոսությունը։ 1978-2000 թթ. աշխատել է որպես դասախոս, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ուսումնական աշխատանքների պրոռեկտոր։ 1965-1975 թթ. համատեղությամբ գլխավորել է ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտական գիտահետազոտական ինստիտուտի "Սոցիալական զարգացման" բաժինը։ Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանի հեղինակությամբ հրատարակվել են 100-ից ավել գիտական աշխատանքներ և հոդվածներ։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 50 ատենախոսություն Պարգևատրվել է Մովսես Խորենացու ԵՊՀ երկու ոսկյա մեդալով, Վ. Համբարձումյանի անվան ու ՀՀ կենտրոնալան բանկի ոսկե մեդալներով։
2001թ.-ի Սյունիքի մարզպետարանի կողմից նրան շնորհվել է "Պատվավոր սյունեցի" կոչումը։ Գեղանկարչությանը վերադարձել է 86 տարեկան հասակում և ունեցել է երկու ցուցահանդես 2016թ.-ին և 2019թ.-ին` ԵՊՀ-ի 100 ամյակին։ Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանը հանգչեց 2025 թ.-ի մայիսի 7-ին իր տանը` շրջապատված իր սիրելի ընտանիքի անդամների կողմից։
Կարծիքներ