12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. Հայկ Մարության
Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ տենդերը եղել է 12մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,- նշել է Մարությանը:
Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով ավտոբուսների քանակը Երևանում պետք է լինի 850-950 հատ՝ ներառյալ նաև պահեստային ավտոբուսները:
Քաղաքապետը շեշտեց, որ այդ գործընթացը կախված չէ միայն քաղաքապետարանից, և դրան շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Կառավարությունը:
Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող:
«Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,- ասաց Կարապետյանը:
Կարծիքներ