Ավստրիայի կանցլեր Նեհամերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ
Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:
Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:
«Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն հեռախոսազանգեր, այլև անձնական այցելություններ»,- ասել է Նեհամերը:
Կիևում նա երեկ հայտարարել է, որ Եվրամիությունն այնքան կշարունակի պատժամիջոցները, մինչև Ռուսաստանը դադարեցնի պատերազմը:
Կարծիքներ