ԲՀԿ-ին չենք միանա, բայց կդիմենք ՍԴ՝ երկրորդ նախագահի գործով նիստից հետո. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, փաստորեն, չի միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին, որին 2 ձայն է պակասում, բայց Մարուքյանի պնդմամբ իրենք ՍԴ կդիմեն երկրորդ նախագահի գործով նիստից հետո: Մարուքյանը պարզաբանեց՝ իրավական առումով ոչ մի խնդիր չկա՝ հիմա կդիմեն, թե հետո:
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի՝ վիճարկելու ԱԺ օրենքների, որոշումների սահմանադրականությունը, սահմանադրական մարմինների լիազորությունների միջև վեճը: Այդ մասին էլ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «ՍԴ դիմելու մի քանի հիմքեր կան, որոնցից մեկն օրենքի, ԱԺ որոշումների, օրենքների սահմանադրականության վիճարկումն է։ Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից։
Մեկ այլ հիմք, որ սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է, այսինքն արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե ոչ։ Այս հարցերի պատասխանները տվող միակ մարմինը ՍԴ-ն է»,-ասաց պատգամավորը։ Տարոն Սիմոնյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը չի կարող պատգամավորների 1/5-ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրն այս դրույթը գտել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցը որոշելու համար, հետևաբար խմբակցությունն այս հարցով չի կարող դիմել ՍԴ։
Կարծիքներ