Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ ռազմավարական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:
«Մենք երկու երկրների խոշոր մշակութային կառույցների միջև հարաբերությունների հաստատման խնդիր ունենք, օրինակ՝ կինոոլորտում համագործակցությունն արդյունավետ կլինի, եթե մեր ծրագրերը չսահմանափակվեն 1-ական վարպետության դասերով, այլ լինի փոխգործակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական CNC-ի միջև: Ցանկալի կլինի, որ այդ նախագծերն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն, օրինակ՝ FEMIS-ի կրթական մեթոդը ներդրվի Հայաստանում, կամ հայ ուսանողներն այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կինոկրթության խնդիրը կարելի է դիտարկել նաև ՀՀ-ում գործող ֆրանսիական հաստատությունների տրամաբանության մեջ:
Արա Խզմալյանն անդրադարձել է համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև կարևորել ֆրանսահայ համայնքի առավելագույն ընդգրկվածությունը համատեղ ծրագրերում:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի մշակույթի ոլորտում դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար: Փոխնախարարը վստահեցրել է՝ դրա շրջանակում կիրականացվեն մշակութային մի շարք կարևոր նախագծեր, որոնք մնայուն կլինեն մեր երկրի համար: Այդ համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության հարցը:
Դեսպան Անն Լույոյի խոսքով՝ պետք է սահմանել երկու երկրների միջև տարեկան առաջնահերթությունները՝ մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար: Անդրադառնալով կինոարտադրության հարցերին՝ դեսպանը շեշտել է, որ կարող են կազմակերպել ֆրանսիական CNC-ի և FEMIS-ի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագիտական առաքելության այցը Հայաստան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
Անն Լույոն ներկայացրել է նաև Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանի մշակույթի ոլորտում նախատեսվելիք դրամաշնորհային ծրագրի երեք կարևոր ուղղությունները՝ մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ դասընթացներ, Տաթևի մեծ անապատի վերականգնման աշխատանքներ և Էրեբունի թանգարանի ցուցադրության վերակազմակերպման աջակցություն: Նրա խոսքով՝ նշված ուղղություններով գործընկեր կառույցներ են հանդիսանում Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտը, ՀՀ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Լուվրի թանգարանը և Էրեբունի թանգարանը: Դեսպանը կարևորել է վերոնշյալ ծրագրի շրջանակում կառավարման խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կարծիքներ