Վահան Քերոբյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր-2021» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր-2021» միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը մայիսի 14-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և արտերկրների կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի խթանումը, իրացման նոր շուկաների որոնումը, շինարարական ոլորտի պատշաճ ներկայացումը մասնագետներին: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ծավալել գործընկերային փոխշահավետ համագործակցություն:

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է․ «Ցուցահանդեսները շատ կարևոր դեր ունեն տնտեսության ակտիվացման գործում և ամենալավ հարթակներից են գործարար նոր կապեր հաստատելու, բազմաթիվ այլ ընկերությունների հետ բանակցություններ վարելու և նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթանալու համար»։

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ոլորտի ցանկացած ներկայացուցիչ կարողանա իր ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործել և ստանալ արդյունքներ։

Միջոցառմանը մասնակցում են շինարարության ոլորտում գործող շուրջ 120 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք այցելուներին ներկայացնում են շինարարական ոլորտի նորամուծություններն ու առաջարկները:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական գործիքներ և տեխնիկա, շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ,վերանորոգման աշխատանքներ, սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա, ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր, նախագծում և ճարտարապետություն, մասնագիտացված արտահագուստ, մաքրման միջոցներ և ծառայություններ, լողավազաններ և շոքեբաղնիքներ, լուսատեխնիկա, կանաչապատում, անվտանգության համակարգեր, բանկեր, վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, ջեռուցման և օդափոխման, գազա-, ջերմա- և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, էքստերիերի և ինտերիերի դիզայն, ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք:  

Վահան Քերոբյանն ու Նարեկ Տերյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական և միջազգային բազմաթիվ ընկերությունների գործունեությանն ու խնդիրներին, որոնց լուծման վերաբերյալ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մի շարք առաջարկներ։ 

Վահան Քերոբյանը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, բազմաթիվ նոր գործարար կապերի հաստատում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և արդյունավետ գործունեություն։