Ինչ նպատակի կծառայի ԲՏԱ նախարարության գնած 46 մլն դրամ արժողությամբ ամենագնացը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
«Արմենպրես»-ին նախարարությունից հայտնեցին, որ ամենագնացը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման շրջանակներում: Ամենագնացը գնվել է ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար։ Այն ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի:
Ընդգծվում է, որ վերը նշված որոշման համաձայն, ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգի կազմում գործելու են թվով 26 ստացիոնար և 5 շարժական կայաններ: «Հաշվի առնելով, որ 1 շարժական կայանի լրակազմում ներառված տեխնիկական միջոցների ընդհանուր քաշը շուրջ 2,5 տոննա է՝ համակարգի ներդրման «Տեխնիկական առաջադրանքի» պայմաններով նախատեսվել է շարժական կայանները հավաքել 1 լիաքարշակ և 4 միկրոավտոբուս տեսակի ավտոմեքենաների բազայի վրա: Այդ պատճառով ընտրվել են ամուր տեխնիկական բնութագրերով ավտոմեքենաներ, ինչը ռադիոմոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի պայմանների պահանջ է։
4 միկրոավտոբուսների վրա արդեն իսկ իրականացվում են կայանների հավաքման աշխատանքները, 5-րդը՝ տեխնիկական առաջադրանքի պայմաններին համապատասխան, լինելու էր լիաքարշակ ամենագնաց մեքենա, ինչի հիման վրա և առաջարկվող չափանիշներին համապատասխան ընտրվել է տվյալ մակնիշի ավտոմեքենան։ Ամենագնացը համալրվելու է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ ռադիոհսկման և տեղորոշման աշխատանքներն իրականացնելու համար:
Կարևոր է նշել, որ ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգը իր տեխնիկական բնութագրերով եզակի է տարածաշրջանում, այն իրականացվում է գերմանական հեղինակավոր Rohde & Schwarz ընկերության կողմից, որն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում»,-նշվում է տեքստում:
Կարծիքներ