Ովքե՞ր կարող են դիմել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար

Ովքե՞ր կարող են դիմել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար

Կերակրողին (ընտանիքի հայր կամ մայր) կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին՝

18 տարին չլրացած երեխային.

18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.

ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում։

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է նաև մահացած կերակրողի՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) կրթություն ստացող զավակներին (մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրանց 26 տարին լրանալը):

Կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն կենսաթոշակի չափը 26500 դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած երեխայի դեպքում՝ 90000 դրամ։

Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը պետք է ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), մահացած կերակրողի աշխատանքային գրքույկը, մահվան վկայականը, ամուսնության վկայականը։ Ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում 18-ից բարձր անձինք պետք է ներկայացնեն նաև առկա (ցերեկային) ուսուցման վերաբերյալ տեղեկանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում