Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին եւ Էդվարդ Սնոուդենին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին եւ Էդվարդ Սնոուդենին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը այս պարգեւին է առաջադրել Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին եւ Էդվարդ Սնոուդենին, նշված է Նոբելյան կոմիտեին հղած Կորիգանի նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեքն էլ առանձին-առանձին առաջադրվել են Խաղաղության նոբելյան մրցանակի, բայց առայժմ ոչ մեկը չի ստացել: Իմ կողմից նրանց միասին առաջադրելու պատճառները պարզ են. նրանք առանձին-առանձին ցույց են տվել խիզախության անթիվ օրինակներ՝ բացահայտելով իշխանությունների անօրինական գործողությունները... Իսկ միասին նրանց կյանքը, անձնազոհությունն ու անձնուրացությունը ցուցադրում են մարդկային ոգու մեծությունը»,- նշում է Կորիգանը:

Նա հիշեցրել է, որ Ասանժը պահվում է Մեծ Բրիտանիայի բանտում եւ նախկինի պես ենթակա է ԱՄՆ արտահանձնվելու վտանգին, չնայած երկուշաբթի դատարանը մերժել է արտահանձնումը: Կորիգանի խոսքով՝ ԱՄՆ-ում Ասանժը կարող է ենթարկվել «դաժան, նվաստացուցիչ եւ անմարդկային վերաբերմունքի» եւ անգամ մահապատժի դատապարտվել: Չելսի Մենինգը (նախկինում Բրեդլի Մենինգ), որը տեղեկությունները փոխանցել է Ասանժին եւ դրա համար 7 տարի անցկացրել է ամերիկյան բանտում, մինչեւ ներվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից, նույնպես ճաղավանդակների հետեւում է հայտնվել Ասանժի դեմ վկայություն տալուց հրաժարվելու պատճառով, հավելել է Կորիգանը: Սնոուդենը, որը բացահայտել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետեւելու մասշտաբային գաղտնի ծրագիրը, ապաստան է գտել Ռուսաստանում եւ չի կարող հայրենիք վերադառնալ ցմահ ազատազրկվելու մտավախություն ունենալով, հավելել է Կորիգանը:

«Խաղաղության երեք մարտիկներն էլ հետեւել են իրենց խղճին եւ սիրով են կատարել իրենց պարտքը: Ես վստահ եմ, որ նրանք վախենում էին... բայց նրանցից յուրաքանչյուրը, ծառայելով մյուսներին, արել է սքանչելի եւ վեհ ինչ-որ բան»,- նշված է Կորիգանի նամակում:

Կորիգանը Նոբելյան մրցանակը ստացել է 1976 թվականին Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կարգավորման աշխատանքի համար: Նա Բեթի Ուիլյամսի հետ միասին հիմնադրել էր Խաղաղ մարդկանց միություն կազմակերպությունը, որը հասել է հակամարտության դադարեցմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում