Վաղվանից Երեւանում մեկնարակում է Բեթհովենի 250-ամյակին նվիրված փառատոնը․ համերգները կղեկավարի Թոփչյանը
Վաղը՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանում կմեկնարկի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» համերգային փառատոնը։ Այն նվիրված է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։
Դեկտեմբերի 16-ը Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան օրն է, ուստի այդ օրը կկայանա հանճարեղ երաժշտի հիշատակին նվիրված համերգը։ Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19։00-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն կոմպոզիտորի թիվ 5 եւ թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։
Իսկ ահա հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։00-ին, կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում նույն նվագախմբի մասնակցությամբ ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 եւ թիվ 4 սիմֆոնիաները։
Համերգները կղեկավարի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Տոմսերի արժեքը սկսվում է 2000 դրամից, հասնում՝ մինչեւ 10 հազարի։ Համերգին ներկա են լինելու սահմանափակ թվով անձինք, հակահամաճարակային կանոնները պահպանվում են։
Կարծիքներ