Փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ ներդնելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը:
Այն խորհրդարանի նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- նշել էր Բադասյանը:
Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս ներկայացրած տեղեկություններն ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ», 2 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:
Կարծիքներ