Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Գերմանիան լիովին աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս հանդես է գալիս Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու օգտին։
Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը Շոլցն անվանել է «դրական քայլ, որը պետք է օգտագործել այդ ուղղությամբ հետագա աշխատանքի համար»:
Կարծիքներ