1 օրում՝ 13 890 նոր դեպք. Իրանում սկսվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքը
Իրանի Իսլամական Հանրապետության ողջ տարածքում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
«Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, այս պահի դրությամբ երկրի բոլոր նահանգներում հիվանդացության աճ է նկատվում»,- ասել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ դեպքերի թվի աճը կապված է իրանական ամանորի ֆոնին հանրապետության տարածքում քաղաքացիների ճանապարհորդությունների հետ:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչն այս առնչությամբ ընդգծել է, որ իրավիճակի զարգացումը կախված է բացառապես առողջապահական ցուցումներին հետևելուց, այն է՝ զանգվածային հավաքներից հրաժարվելուց և սոցիալական հեռավորության պահպանումից:
Այսօր՝ ապրիլի 5-ին, Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 890 նոր դեպք:
Համավարակի սկզբից ի վեր՝ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հատել է 1 945 964-ի սահմանը, որի հետևանքով մահացել է 63 332 մարդ:
Կարծիքներ