Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, ինչպես նաև, կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ զինվորականներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը:

«Այսօր` փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։


Պատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, մասնավորապես նշելով, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։
 

Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել, ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս»,- գրել է Եղոյանը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում