Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկի փոխադրման շուրջ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկով ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեմայի շուրջ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսական «Իզվեստիա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ըստ պայմանավորվածության՝ Ուկրաինայի տարածքային ջրերում թուրք զինվորականները կզբաղվեն ականազերծմամբ, նրանք նաև նավերը կուղեկցեն չեզոք ջրեր։ Այնտեղ նավերը կհանդիպեն ռուսական նավերին, որոնք նրանց կուղեկցեն Բոսֆոր։
Առայժմ սխեման համաձայնեցված է միայն Օդեսայի համար։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինան համաձայնել է թուրքական նավերին թույլ տալ մտնել իր տարածքային ջրեր՝ ականազերծելու ջրային տարածքի համաձայնեցված հատվածը և ստեղծելու «հացահատիկային միջանցք»։
«Թուրք զինվորականները ականազերծելու են Օդեսայի շրջանի ափամերձ գոտին։ Նավերը նավահանգստից դուրս են գալու թուրքական նավերի ուղեկցությամբ դեպի Սև ծովի չեզոք ջրեր՝ սահմանված կոորդինատով։ Բոսֆորից այն կողմ նրանց կուղեկցեն ռուսական ռազմանավերը՝ ապահովելու նրանց անվտանգ անցումը Սև ծովով և կանխելու սադրանքները։ Նման սխեման համաձայնեցված է Թուրքիայի և Ուկրաինայի հետ, մնում է ճշտել նավերի ճշգրիտ երթուղին»,- ընդգծել է աղբյուրը։
Նշվում է, որ «ճանապարհային քարտեզը» կհաստատվի հունիսի 8-9-ը։ Բանակցություններին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Կարծիքներ