ՀՀ մշտական ներկայացուցիչները գերիների վերադարձի խնդիրը մշտապես բարձրաձայնում են բոլոր ձևաչափերում. Միրզոյան
2021-ին շարունակվել են աշխատանքները Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված՝ դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում:
«Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը հիշեցրեց նաև, որ մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամի ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի կոչ անող բանաձև:
Կարծիքներ