Թալիբներն արգելել են լրագրողներին լուսաբանել Աֆղանստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները
«Թալիբան» շարժումը արգելում է լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները և կոչ է անում լրագրողներին խուսափել այդ միջոցառումներից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Դրանք ցույցեր չեն, դրանք հուզումներ են: Մենք դա թույլ չենք տա և ԶԼՄ-ները չեն լուսաբանի նման ակցիաները»,- ասել է Մուջահիդը՝ մամուլի ասուլիսում:
Նա ԶԼՄ-ներին կոչ է արել չնկարահանել ակցիաները և չհրապարակել դրանց վերաբերյալ տեսանյութեր: «Այդ ակցիաներն անօրինական են, և ԶԼՄ-ները չպետք է դրանք նկարահանեն…կոչ ենք անում ԶԼՄ-ներին չայցելել ակցիաների վայրեր»,- ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:
Երեքշաբթի օրն աֆղանստանցիները Քաբուլում բողոքի ակցիա են իրականացրել Պակիստանի հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի՝ «Թալիբան» շարժման հրավերով Աֆղանստան կատարած այցից հետո: Բողոքի ակցիան սկսվել է Քաբուլի հյուսիսում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ:
Կարծիքներ