ՀՀ ԱԺ նախագահը Նիդերլանդների Սենատի նախագահին շնորհակալություն է հայտնել Բաքվին դատապարտող 17 բանաձևերի համար
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար։
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ:
«Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը, որի համանախագահներն ինքն ու Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդն էին: ԱԺ նախագահը նշեց, որ չնայած COVID-19-ի ստեղծած խոչընդոտներին՝ բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավական ներդաշնակ են զարգանում, եւ մեր երկրները տրամադրված են իրականացնելու հայ-նիդերլանդական առավել խորացված եւ թիրախային համագործակցություն:
Դրա վառ ապացույցն է նաեւ 2020թ-ի սեպտեմբերին Երեւանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության բացումը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում մեր գործընկերներից՝ խաղաղության հաստատում մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության եւ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը եւ շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում ԱԺ նախագահն անընդունելի է համարել Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում:
ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Նիդերլանդների Սենատի նախագահը նշել է, որ լավ հիշողություններ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության այցից: Կարեւորելով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նա ասել է, որ այն ոգեւորիչ է եւ մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սենատի նախագահն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձեւերը լայն արձագանք են ստացել Հայաստանի հասարակությունում:
Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում չափազանց կարեւոր է մարդու իրավունքների գերակայությունը՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Անտոնի Բրյունին վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
Կարծիքներ