Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել. Փաշինյան
Մեր կարևորագույն բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանի, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ուսուցիչների ատեստավորման գործընթացը և նրանց աշխատավարձի դրույքաչափը կրկնապատկելու վերաբերյալ կառավարության որոշումը:
«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Կրկնապատկվել է մի քանի գործողությունների հանրագումարով: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել:
Կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որ մենք բոլորս՝ Կառավարությունը, ծնողները, աշակերտները համոզվեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ:
Խնդիրն այն է, որ գիտելիքը և ժամանակը փոխվում է, և մենք սրանով ինքազարգացման, սեփական որակավորումը բարձրացնելու խթան ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ ոչ թե կառավարությունն է որոշում, թե որ ուսուցչի աշխատավարձն է բարձրանում, այլ հենց ինքը՝ ուսուցիչը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ:
Այսպես, ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ:
Կարծիքներ