Նոր ավտոբուսների վարորդները շարունակում են վատ սովորույթը՝ ուղևորներից առձեռն վերցնում են գումարը. Երևանի ավագանու անդամ

Նոր ավտոբուսների վարորդները շարունակում են վատ սովորույթը՝ ուղևորներից առձեռն վերցնում են գումարը. Երևանի ավագանու անդամ

Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանն անդրադարձավ նոր ավտոբուսներում շատ դեպքերում վճարումը ուղեվարձի համար նախատեսված հատուկ արկղում չիրականացնելու խնդրին:

Բանն այն է, որ նոր ավտոբուսները շահագործվելուց որոշ ժամանակ անց սկսեց նկատվել հետեւյալ երեւույթը, այն է, երբ հաճախ մեր քաղաքացիները 100 դրամանոց մետաղադրամ չեն ունենում եւ վարորդին են խնդրում մանրել: Վերջինս էլ, մանրելով գումարն ու ստանալով ուղեւարձի համար նախատեսված 100 դրամը, այն չի գցում նախատեսված արկղիկի մեջ:

«Ամեն օր օգտվում եմ «Ժոնգ թոնգ» դասի նոր ավտոբուսներից, ու վարորդների կողմից գումարների հավաքման այդ վատ սովորույթը չի վերացել: Իմ հաշվարկով՝ մենք մոտ 20 տոկոս բյուջեի կորուստ ենք ունենում»,- նկատեց ավագանու անդամը:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ պատասխանեց, որ առայժմ մեկ ավտոբուսի մեջ ծրագրային նման լուծում է արդեն տրվել: «Կարծում եմ՝ մոտ 10-15 օրվա ընթացքում այն ավտոբուսներում, որտեղ ունենք տեսախցիկներ, կկարողանան ինքնաշխատ ձեւով վերահսկողություն իրականացնել, մինչեւ կունենանք մեր կառավարման կենտրոնը: Իհարկե, նաեւ առիթից օգտվելով՝ մեր քաղաքացիներին հորդորում եմ մետաղադրամը գցել հատուկ սարքի մեջ, քանի որ մենք աշխատավարձ ենք տալիս վարորդին բավականին բարձր»,- ասաց քաղաքապետը:

Սարգսյանը նաեւ նշեց՝ գումարային միջոցները պիտի հավաքվեն, որպեսզի կարողանան տրանսպորտային բարեփոխում իրականացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում