2021-ին իրականացվել են Երևանի 42 կամրջի պահպանման, շահագործման և ընթացիկ նորոգման աշխատանքներ
2021 թ. շարունակվել են փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, եզրաքարերի, մայթերի, բազալտե և բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները, բարեկարգվել և կահավորվել են բակային տարածքները: Երևանի զարգացման 2021 թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումների ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը:
Նա ներկայացրեց իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալներ:
«Իրականացվել են Երևանի թվով 42 կամուրջների և կամրջային կառույցների պահպանման, շահագործման և ընթացիկ նորոգման, ինչպես նաև Զովունի-Թբիլիսյան խճուղու Կորեայի ձոր հատվածում գտնվող Հրազդան գետի վրայի հին կամրջի հիմնանորոգման և նորի կառուցման աշխատանքներ: Հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մանկապարտեզներում, բուժհաստատություններում և դպրոցներում: Համայնքային բյուջեով նախատեսված 8 մանկապարտեզներից 5-ում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները Կենտրոն, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:
Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ նախորդ տարի մեկնարկել են 14 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, որոնցից մեկում աշխատանքներն ավարտվելլ են, և 2022 թ. մանկապարտեզը հանձնվել է շահագործման:
Շահագործման են հանձնվել 3 դպրոցներ, հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են 8 դպրոցներում: Մեկնարկել է նաև «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի հիմնանորոգումը: Շուրջ 120 հանրակրթական դպրոցներ ապահովվել են մուտքի թեքահարթակներով, ըստ անհրաժեշտության հարմարեցվել են սանհանգույցները, իսկ 3 դպրոցներում առկա են նաև վերելակներ»,- ասաց Մերի Հարությունյանը:
Սոցիալական ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով՝ նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանում ներդրվել է սոցիալական պաշտպանության նոր համակարգ, որի երկրորդ փուլով նախատեսվում են իրականացնել համապատասխան փոփոխություններ վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժիններում:
Նա հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել 8 պոլիկլինիկաներում: Ձեռք են բերվել 33 բուժսարքավորումներ:
Խոսելով կոմունալ տնտեսության ոլորտի աշխատանքներից՝ պաշտոնյան նշեց՝ Երևան քաղաքում առկա 3691 աղբամուղներից 2021 թ. ընթացքում փակվել են 3436 -ը՝ Շենգավիթ, Դավթաշեն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում: Իրականացվել են 8 ներքին ջրամատակարարման, արտաքին ջրահեռացման և կոյուղագծերի կառուցման աշխատանքներ:
«Մեծաթիվ աշխատանքներ են տարվել կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման և ադապտացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման բնագավառոմ. մասնավորապես ԵՄ-ի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք» դրամաշնորհի շրջանակներում նախորդ տարվա ընթացքում առաջին փուլով ընտրված բոլոր 43 շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր: Փոխարինվել և արդիականացվել են այդ շենքերի ընդհանուր օգտագործման և բակային տարածքների լուսավորությա համակարգերը, որոնք արդեն իսկ գործում են և միացված են «ՀԷՑ» ՓԲԸ-ին:
Մերի Հարությունյանը տեղեկացրեց, որ 2021 թ. նոյեմբերին մեկնարկել է նաև ծրագրի երկրորդ փուլը. «Այս փուլով ընտրված էր 54 շենք, որտեղ նախատեսվում էր արևային կայանների տեղադրում, ինչպես նաև ներշենքային և բակային տարածքների լուսավորության արդիականացում: Մեկ ամսվա ընթացքում թիմը հասցրեց աշխատանքներ իրականացնել 34 շենքում, իսկ մնացած 20 շենքում աշխատանքներն ավարտեցին 2022 թ. մարտ ամսին: Ծրագրի իրականացման արդյունքում մինչև 60 տոկոսով նվազեց ընդհանուր տարածքների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսը, իսկ տարեկան կտրվածքով ավելի քան 300 տոննայով կրճատվեցին CO2 գազերի արտանետումները»:
Ոլորտային փոփոխությունների շարքին են դասվում նաև վերելակների փոխարինման, մասերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքները: «Նախատեսված 100 վերելակներից փոխարինվել և տեղադրվել են 54 էներգաարդյունավետ վերելակ՝ նվազեցնելով նաև շենքի վերելակի հոսանքի էներգածախսը, մնացած 46-ի համար հայտարարվել էր մրցույթ»,- ասաց նա:
Տրանսպորտային համակարգի արդիականացման արդյունքում 2021 թ. ընթացում ձեռք են բերվել 311 միջին և փոքր տեղատարության նոր ավտոբուսներ, որից «ԳԱԶել» մակնիշի նոր՝ փոքր թվով 100, Jong tong 8.6 մետրանոց միջին դասի՝ 211 հատ:
Կարծիքներ