Նախընտրական նոր դաշինք է ուրվագծվում

Նախընտրական նոր դաշինք է ուրվագծվում

Երեկ մի քանի կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով նախագահ Արմեն Սարգսյանին կոչ են անում օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով վերանում է ռեյտինգային ընտրակարգը։ Հայտարարությունները ստորագրել են Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը», փաստաբան Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը, Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը» եւ Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը։  

Ինչպես ասում են, նախընտրական նոր դաշինքի «հոտ է գալիս» այս հայտարարությունից՝ հաշվի առնելով, որ այս կուսակցությունների առաջնորդներից ոմանք քաղաքական նույն գիծն ունեն եւ իշխանամերձ դաշտում են գործունեությունը ծավալում։ 

Թեմայի առնչությամբ զրուցեցինք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, ով «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն է։ Նրան հարցրինք, թե միայն այս հայտարարության հա՞րցն են քննարկել նշված կուսակցությունները՝ նկատի ունենալով, որ սովորաբար հայտարարությունները տարածվում են երկար քննարկումներից հետո, եւ արդյո՞ք այլ հարցերի շուրջ էլ կոնսենսուս չկա։

«Այդ հարցով կոնսենսուս ձեւավորվել է, եւ, բնականաբար, հրապարակվել է հայտարարության տեքստ, ենթադրում եմ, որ որոշակի շարունակություն կունենան այդ ձեւաչափով այդ հայտարարության բովանդակության շուրջ ընթացող քննարկումները, իսկ այլ բնույթի բանակցություններ..., վստահաբար կարող եմ ասել, որ եթե նման պայմանավորվածություններ եղած լինեին, հասկանում եմ հարցի ենթատեքստը, ես անձամբ «Արդար Հայաստանի» անունից կարող եմ երաշխավորել, որ ժողովրդի հետ ազնիվ եմ լինելու եւ ներկայացնելու եմ որեւէ արդյունք։ Այս պահին որեւէ այլ քննարկում կամ քննարկման հետեւանքով արդյունք գոյություն չունի»,- պատասխանեց Նորիկյանը։

Հարցրինք՝ այսինքն, արդեն որոշում կայացրե՞լ են՝ ընտրություններին միայնա՞կ են մասնակցելու, թե՞ դաշինքի ձեւաչափով։ «Մենք այդպիսի որոշում չունենք այս պահին։ Բնականաբար, սպասում ենք հնարավոր զարգացումներին, երբ որ կհայտարարվեն ընտրությունները, այսինքն՝ երբ գործող վարչապետը կներկայացնի հրաժարական, եւ Ազգային ժողովը նոր վարչապետ չի ընտրի 2 անգամ, ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի, մենք, բնականաբար, շատ պարկեշտ, կանոնադրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնի որոշումը կհրապարակենք»,- պատասխանեց Նորիկյանը։ Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք, թե՞ ոչ այս կուսակցությունների հետ դաշինքով մասնակցության տարբերակը։

«Մենք, ըստ էության, չենք բացառել որեւէ ձեւաչափով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, ավելին՝ որպես «Արդար Հայաստանը» ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցիչ, գտնում եմ, որ անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի ուժի կենտրոն, որը լիարժեք, ինքնաբավ քաղաքական ուժ կունենա, համբավ կունենա ժողովրդի մեջ, որը հստակորեն դուրս կլինի գործող սեւ ու սպիտակ քաղաքական ներկապնակների շրջանակներից, հստակ ուղերձ կբերի հանրությանը, որ որակապես տարբերվելու է թե՛ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից եւ թե՛ նախորդ իշխանությունների գործելաոճից, իսկապես այլընտրանքային ռազմավարական նախագիծ կներկայացնի Հայաստանի զարգացման համար եւ կտա այն ֆունդամենտալ հարցերի պատասխանը, որոնց լուծման արդյունքում հնարավոր կլինի չեզոքացնել Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները։ Ես այդպիսի ուժի ձեւավորման կողմնակիցն եմ»,- պատասխանեց Նորիկյանը։

Աղբյուրը ՝ hraparak.am
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում