Կոտայքում թալանել են հայտնի գործարարի տունը, գողացել զարդեր, խոշոր դրամական միջոցներ ու առևանգել նրան պատկանող «Պորշ»-ը
Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 06:30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 47-ամյա Ա. Հ.-ից, որը հայտնել է՝ անհայտ անձը կամ անձինք գյուղից գողացել են իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:
Ըստ սկզբնաղբյուրի՝ Ա. Հ.-ն իրավապահներին հայտնել է, որ մոտ 2 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան հետնամուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և տնից հափշտակել ոսկյա զարդեր՝ մոտ 1.5 մլն ՀՀ դրամ, և ապակյա տարաներով լցված 500 ՀՀ դրամանոց մետաղադրամներով պահոցը (կասսան): Տարել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի բանալին, իսկ տան դիմացից՝ իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:
Աղբյուրը նշում է, որ Ա. Հ.-ն Կոտայքի մարզում հայտնի գործարար է, որը նաև ԱՁ տնօրեն է, և նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ