Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ բացման օրը մոտ 3000 մարդ կորոնավիրուսով է վարակվել․ փորձագետ (լուսանկարներ)
Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ բացման արարողության օրը մոտ 3000 մարդ կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է greekcitytimes.com կայքը՝ հղում տալով Թուրքիայի առաջատար համալսարաններից մեկի հանրային առողջության գծով փորձագետ Սարփ Ուների հայտարարությանը։
«Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ներսում մոտ 1 000 հիվանդ կգտնվեր․ եթե վարակի փոխանցման տեմպը հաշվի առնենք, ապա այդ հիվանդները 2 000-ից 3 000 այլ մարդու վարակած կլինեն․․․հավատացած եմ, որ այս միջոցառումը Ստամբուլում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կավելացնի»,- նշել է փորձագետը։
Չնայած որ տաճարի ներսում 1000 հյուրի մուտքն է թույլատրելի եղել, դրա հարակից շրջաններում և այգիներում նույնպես ամբոխներ են եղել։ Նշվում է, որ տաճարի ներսում մարդիկ դիմակներ կրել են, հետևել են սոցիալկաան հեռավորության պահպանմանը, սակայն դրսում իրավիճակը լիովին այլ է եղել։
Փորձագետի խոսքով՝ Թուրքիայում վարակակիրների թիվը կտրուկ կավելանա սեպտեմբերին, երբ մարդիկ վերադառնան հանգստից, վերաբացվեն դպրոցները։ Նա նաև նշել է, որ երկրում հարբուխի և կորոնավիրուսի տարանջատման համակարգեր պետք է կիրառվեն, քանի որ դրանց ախտանշանները հաճախ նույնն են լինում, ուստի տարանջատումը բարդանում է։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 240 804 դեպք, որից 5 844-ը՝ մահվան ելքով։
Կարծիքներ