Բեռլինը կողմ է հանդես գալիս ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի երկարաձգմանը
Բեռլինը կողմ է հանդես գալիս Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ 2016 թվականի միգրացիոն համաձայնագրի երկարաձգմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է ANA-MPA-ն:
Նրա խոսքով՝ Բեռլինը բանակցություններ է վարում Անկարայի հետ նոր միգրացիոն պայմանագրի պայմանների շուրջ, որում Թուրքիան ցանկանում է ներառել ընդլայնված մաքսային միությունը ԵՄ-ի հետ եւ ավելի շատ ազատություն փախստականների համար նախատեսված ԵՄ ֆինանսավորման բաշխման մեջ:
«Համաձայնագիրը ձեռնտու է երկու կողմերին էլ՝ ԵՄ անդամ երկրներին եւ Թուրքիային»,- Զայբերտին մեջբերում է ANA-MPA-ն: «Հիմնական գաղափարը Թուրքիայում փախստականների համարժեք պաշտպանություն երաշխավորելն ու այնտեղ հեռանկարներ ստեղծելն է, որպեսզի նրանք ԵՄ ապօրինի ներգաղթի պատճառներ չունենան»,- հավելել է նա:
Ըստ նրա՝ գերմանական կառավարության համար «իմաստ ունի երկարաձգել այս կարեւոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ»:
Կարծիքներ