Լիբանանյան ֆունտը նոր նվազագույնի է հասել
Լիբանանյան ֆունտը սեւ շուկայում նոր նվազագույն ցուցանիշ է գրանցել դոլարի նկատմամբ՝ շարունակելով իր ազատ անկումը: Լիբանանյան ֆունտը ոչ ֆորմալ շուկայում ընդամենը 18 ամսվա ընթացքում կորցրել է իր արժեքի գրեթե 90 տոկոսը, հայտնում է AFP-ն:
1997 թվականից ի վեր լիբանանյան ֆունտըկապված է դոլարին 1500-ի մակարդակում, սակայն վերջին տարիների տնտեսական վատագույն ճգնաժամի արդյունքում դրա ոչ պաշտոնական արժեքը կտրուկ ընկել է:
Նվազումն արագացել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, մարտի 16-ի դրությամբ փոխարժեքը դոլարի դիմաց 10 հազար լիբանանյան ֆունտից հասել է շուրջ 15000-ի:
Ֆունտի անկումը սննդամթերքի գների կտրուկ աճի է հանգեցրել մի երկրում, որտեղ այժմ բնակչության կեսից ավելին աղքատության շեմից ցածր է գտնվում:
Այրված անվադողերի հոտը երեքշաբթի տարածվել է Բեյրութում՝ այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին նման ցույցերի ժամանակ ցուցարարների խմբերը դուրս էին եկել մայրաքաղաքի եւ երկրի այլ մասերի փողոցներ:
«Լիբանանի փոխարժեքը 1 դոլարի դիմաց հասնում է 15000-ի: Անցած գիշեր այն 13.250 էր»,- գրել է վերլուծաբան Մահա Յահյան թվիթերում: «Երկիրը փլուզվում է, եւ մենք ոչինչ չենք կարող անել»,- ասել է նա:
Կարծիքներ