«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ» եռանկյունին առավելագույն վտանգն է տարածաշրջանում. դեսպան Աղաջանյան
Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները:
Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ևս մեկ փորձի՝ ուղղված Արցախի տարածքի ձեռքբերմանն առանց դրա բնիկ հայկական բնակչության: Ավելին, այսօր Արցախի պաշտպանության բանակը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, քանի որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում հավաքագրել է ահաբեկիչ զինյալների և տեղափոխել նրանց հակամարտության գոտի՝ Ադրբեջանի բանակի շարքերում կռվելու նպատակով»:
Անդրադառնալով բախումների հետևանքներին՝ Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է. «…ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում կրած վնասն ու կորուստներն են, ինչը հետևանք է Արցախում, ճակատից շատ հեռու, բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխտիր ու դիտավորյալ թիրախավորման օդային հարվածներով ու հրթիռահամազարկային համակարգերից՝ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծումների: Ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Սա պատերազմական հանցագործություն է և, միանշանակ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:
Խոսելով Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին դիմագրավելու մասին՝ ՀՀ դեսպանն արձանագրել է, որ «Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ, և ժողովուրդը վճռական է տրամադրված միասնական ջանքերով դրա դեմ պայքարելու հարցում»:
Դեսպանը կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հույս հայտնել, որ «միջազգային հանրության կողմից միջազգային խիստ արձագանքի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել բախումները, քանի որ պատերազմի հետագա էսկալացիան սպառնում է վերածվել առավել լայն տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտության՝ միջտարածաշրջանային հետևանքներով ու ներգրավումներով»:
«Չմոռանանք, որ Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջանների, ռազմական դաշինքների, տարածաշրջանային ու գերտերությունների շահերի, կրոնների խաչման կետում է գտնվում: Եվ սա մեզ առավել զգուշավոր է դարձնում»,- ասել է դեսպան Աղաջանյանը:
Կարծիքներ