Եթե թոշակառուն թոշակը ստանա և առևտուրն իրականացնի քարտով, զեղչեր կկիրառվեն. Նիկոլ Փաշինյան
Եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով, կստանա զեղչեր, ուղիղ ասած՝ թոշակները 10 տոկոսով կբարձրացվեն: Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս տարվանից կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնվել են, իսկ առաջիկայում ներդրվելու է նոր համակարգը:
«Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն. առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է, և հույս հայտնեց, որ կհամաֆինանսավորվի Կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից: Նա հայտնեց, որ բանավոր խոսակցություններ են ունեցել տարբեր ընկերությունների հետ այդ նախագծում ներգրավելու համար:
«Թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե նա նաև առևտուր է իրականացնում քարտով խանութներից, դեղատներից և այլն, ավտոմատ զեղչեր են կիրառվում, կամ հետվճարային համակարգ է կիրառվելու: Եթե շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները տասը տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում»,- ասաց նա:
Վարչապետը հուսով է, որ գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել:
Կարծիքներ